ՌԴ Նովգորոդի մարզի անվտանգության դաշնային ծառայության վարչությունը ուկրաինական հետախուզության գործակալի է ձերբակալել, որը փորձել է պետական դավաճանության դրդել զորահավաքի մասնակիցներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱԴԾՎ–ին։
«Գործով անցնող անձը միջոցներ է ձեռնարկել մասնակի զորահավաքի շրջանակում ՌԴ ԶՈւ–ի շարքերը զորակոչվածներին պետական դավաճանության դրդելու համար` հակառակորդին ՌԴ զորամասերի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու, մարտական տեխնիկա առևանգելու և փոխանցելու, կամավոր գերի հանձնվելու ճանապարհով», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ–ի` ձերբակալվածը գործել է ի շահ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության։ Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 275.1 հոդվածով (գաղտնի հիմունքներով համագործակցություն օտարերկրյա պետության հետ), ձերբակալվածին մեկուսարան են տեղափոխել։
Հիշեցնենք` ՌԴ–ում մասնակի զորահավաքը սկսվեց 2022 թվականի սեպտեմբերի 21-ին և ավարտվեց հոկտեմբերի վերջին։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` մասնակի զորահավաքն անհրաժեշտ էր 1000 կմ ռազմաճակատային գծի և ազատագրած տարածքների վերահսկման համար։ ԶՈւ–ն, ինչպես նախատեսվում էր, ընդհանուր առմամբ համալրվեց 300 հազար պահուստային զինծառայողներով։