ՌԴ–ի վարձակալած ո՞ր օդանավի փոխանցման մասին էր խոսում Փաշինյանը. ՔԱԿ–ի պատասխանը

Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը
ՀՀ վարչապետը Մյունխենում ասել էր, որ Երևանը լիզինգով վերցված ռուսական ինքնաթիռը արևմտյան սեփականատիրոջն է փոխանցել։ Թե ինչ ինքնաթիռի մասին է խոսքը, ճշտել ենք Հայաստանի ավիացիոն իշխանությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, պարզաբանել է, թե նախորդ տարի ինչ օդանավ է հակառուսական պատժամիջոցների պատճառով վերադարձվել արևմտյան սեփականատիրոջը։
Մարտի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում ելույթ ունենալիս հակառուսական պատժամիջոցների համատեքստում հայտարարեց, որ անցյալ տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանրապետությունից է իր տիրապետության տակ վերցրել Ռուսաստանի Դաշնության ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավը։
Պարզվում է` խոսքը 2022 թվականի մարտի իրադարձությունների մասին է, որոնց մասին գրել էինք ավելի վաղ։ Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին։
ՔԱԿ–ի տվյալներով` ռուսական «Սիբրի» (S7) ավիաընկերության կողմից շահագործվող օդանավը ՀՀ–ում կանգնեցվել է, այնուհետև գրանցման երկրի ավիացիոն ընկերությունների համապատասխան գրության հիման վրա վերադարձվել սեփականատիրոջը։
«Հարկ ենք համարում նշել, որ օդանավի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված օդանավի թռիչքի թույլտվությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա էր օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների գրությունը` կապված օդանավի թռիչքային պիտանիության վկայականի հետկանչման հետ», – ընդգծել են կոմիտեից։
Քաղավիացիայի կոմիտեում նաև նշել են, որ օդանավի սեփականատերը «SMBC Aviation Capital limited» ընկերությունն է (Sumitomo Mitsui ճապոնական ֆինանսական ընկերության դուբլինյան լիզինգային ստորաբաժանում)։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբին լուր տարածվեց, որ Հայաստանում «Airbus А320» ինքնաթիռ է կալանվել։ Այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Վարդան Չիլինգարյանը հայտարարեց, որ ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, բայց Երևանում օդանավ է վայրէջք կատարել, որի հետագա չվերթի հետ կապված փաստաթղթային խնդիրներ կան։
Բանն այն է, որ հակառուսական պատժամիջոցներն անդրադարձել են նաև ավիացիայի վրա։ Պատժամիջոցների շրջանակում օտարերկրյա լիզինգատուները ՌԴ փոխադրողներից հետ են վերցրել (անկախ գործող պայմանագրերից) արդեն իսկ վարձակալության տված օդանավերը։