ՊՎԾ վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022 թվականի գործունեության հաշվետվությունը
Արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2022 թվականին Պետական վերահսկողական ծառայության իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022 թվականի գործունեության հաշվետվության ժամանակ:
«Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են»,–նշված է վարչապեի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ներկայացվել է, որ նախորդ տարի քաղաքացիներից ստացվել է շուրջ 590 հանրագիր, որը 2021 թվականի համեմատ աճել է շուրջ 43 տոկոս:
ՊՎԾ բյուջեի կատարողականը կազմել է 99.3 տոկոս:
Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական ակտիվ գործակցության անհրաժեշտությունը: