Միջադեպերը կկարողանան կանխել, պատերազմը` ոչ. փորձագետը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Հրանտ Միքայելյանը կասկածում է, որ Եվրամիությունը քաղաքական կամք ունի Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Եվրամիության առաքելությունը կարող է կանխել կամ կրճատել մանր միջադեպերի և սադրանքների թիվը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, բայց ԵՄ-ն ի վիճակի չէ կանխել լայնածավալռազմական գործողություններըև ապահովագրել Հայաստանին ագրեսիայից: Այսօր ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։
Հրանտ Միքայելյան
Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի նոր և երկարաժամկետ մոնիթորինգային առաքելությունը, որի կազմում 100 մարդ է։ Չնայած առաքելությունը հայտարարված է որպես քաղաքացիական, անդամներից 50-ը զինված ժանդարմներ են։ Առաքելության նպատակը նշվում է այսպես․ նպաստել կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ամրապնդել վստահությունը տեղերում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Միքալեյանի խոսքով՝ դիտորդական առաքելությունը «գետնի վրա» զբաղվում է հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ, այնուհետև դրանք փոխանցում է Բրյուսել: Թե ինչ կլինի հետո, ինչ միջոցներ կձեռնարկվեն և ինչ հետևանքներ են սպասվում խախտողին, այս ամենը կախված է Եվրամիության ղեկավարությունից։

«Հասկանալի է, որ ԵՄ ուժային գործիքակազմը Հարավային Կովկասում սահմանափակ է։ Ագրեսիայի զսպման հիմնական մեխանիզմները քաղաքական և դիվանագիտական են։ Հնարավոր է, որ առաքելությունը թույլ տա ընդհանուր առմամբ նվազեցնել սադրանքների և միջադեպերի թիվը սահմանին։ Սակայն դիտորդներն ակնհայտորեն ի վիճակի չեն կանխել մեծ պատերազմը։ Այստեղ քաղաքական կամք է անհրաժեշտ գլոբալ կայունության հասնելու համար։ Երևում է, որ եվրոպացիներն ի վիճակի չեն երկարաժամկետ կայուն խաղաղություն ապահովել առանց Հայաստանի շահերին վնասելու»,-ասաց Միքայելյանը։

Փորձագետի կարծիքով՝ ադրբեջանական ղեկավարության մոտ կայուն համոզմունք է ձևավորվել, որ ուժի կիրառման իրենց մշտական սպառնալիքները թույլ են տալիս Հայաստանի կողմից զիջումների հասնել: Սա, անշուշտ, բացասական միտում է հայկական կողմի համար, և իրավիճակը պետք է փոխել։
«Ուզենք, թե չուզենք, Ադրբեջանին պետք է «հետ սովորեցնել» այն մտքից, որ սպառնալիքներով ու շանտաժով կարելի է ամեն ինչ ստանալ»,-հավելեց նա:
Միքայելյանը համոզված է նաև, որ հայկական կողմի թուլության և իներտության պայմաններում ոչ մի խաղաղության պայմանագիր երկարաժամկետ խաղաղության չի հանգեցնի։ Եթե Բաքվի կողմից ուժային ճնշումը պատշաճ դիմադրության ու հակազդեցության չհանդիպի, նրա պահանջների ու հավակնությունների շեմն անընդհատ բարձրանալու է։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: