Մայիսյան տոներին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններն են Ստամբուլն ու Երևանը

Արխիվային լուսանկար
Մասնագետները վերլուծել են 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածի համար որոնվող ավիատոմսերի ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսաստանում ամենապահանջված արտասահմանյան ուղղություններն առաջիկա մայիսյան տոների համար դարձել են Ստամբուլը, Երևանն ու Անթալիան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ճամփորդությունների պլանավորման ծառայության տվյալներին։
Մասնագետները վերլուծել են 2023 թվականի ապրիլի 28-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածի համար որոնվող ավիատոմսերի ցանկը։
«Արտասահմանյան ուղղությունների շարքում առավել հաճախ տոմսեր են որոնում դեպի Ստամբուլ՝ զբոսաշրջիկների 11 %-ը։ Թուրքական քաղաք հնարավոր է հասնել 24 հազար ռուբլով։ Դեպի Երևան տոմսեր փնտրում է օգտատերերի 10,8%-ը, իսկ թռիչքի արժեքը կազմում է մոտ 11 հազար ռուբլի։ Եռյակը եզրափակում է Անթալիան, որին բաժին է հասել որոնողական հարցման 6%-ը։ Այս զբոսավայր հնարավոր է հասնել 16.5 հազար ռուբլով», – ասել են փորձագետները։
Մայիսյան տոների համար մեծ պահանջարկ ունեն նաև դեպի Դուբայ թռիչքները (5,5%, տոմսի արժեքը` 22,8 հազար ռուբլի), Տաշքենդ (4,5%, 7,7 հազար ռուբլի), Բաքու (4,4%, 16,3 հազար ռուբլի), Մինսկ (3,5%, 5 հազար ռուբլի), Թել Ավիբ (3,3%, 19 հազար ռուբլի), Թբիլիսի (3,2%, 18,5 հազար ռուբլի) և Փհուկետ (2%, 36,3 հազար ռուբլի).
Վերլուծության համաձայն` մայիսյան տոների ամենապահանջված ռուսաստանյան ուղղությունը Սոչին է. այս հանգստավայրով հետաքրքրվում է 16,8%–ը, իսկ չվերթի միջին արժեքը 5.3 հազար ռուբլի է։