Կարապետ Մանվելյանը և Սահակ Հովհաննիսյանը հաղթել են ադրբեջանցի ըմբիշներին. Մ23 ԵԱ

Սահակ Հովհաննիսյանը. Արխիվային լուսանկար
Ադրբեջանցի մարզիկներին պարտության մատնած հայ ըմբիշներից մեկը դուրս է եկել կիսաեզրափակիչ, մյուսը` քառորդ եզրափակիչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչներ Կարապետ Մանվելյանն ու Սահակ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մասնավորապես 55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը 7:1 հաշվով պարտության է մատնել Ռահիմ Հասանովին և դուրս եկել կիսաեզրափակիչ։
63 կգ քաշային կարգում Սահակ Հովհաննիսյանն էլ առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ Խուրշուդ Բաբաշովի նկատմամբ 3:1 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։