ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Երևան քաղաքում և հարակից մարզերում փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և տուգանվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ։ Տեղեկությունը հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Մասնավորապես, փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինարարական աղբ տեղափոխող տարբեր մակնիշի 17 բեռնատար։
«Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Իրականացվել են բացատրական աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է ֆիզիկական անձանց նկատմամբ 50.000, իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի տուգանք։
Նույն խախտումները կրկին կատարելու դեպքում ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակվում է տուգանք 100.000 ՀՀ դրամի, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով։