ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Fly Arna» ավիաընկերությունը մարտի 22-ից շաբաթական երկու ուղիղ չվերթ կիրականացնի դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Հասանելի արժեքներով Երեւան-Բաղդադ-Երեւան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաեւ Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն եւ ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ և հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Թռիչքները կիրականացվեն չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Տոմսեր կարելի է ամրագրել «Fly Arna»-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Նշենք, որ «Fly Arna»-ն Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ ծրագիրն է, գործում է անցած տարվա հունիսից։