Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմական խնդիրները

Բահրեյնում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել հետպատերազմական խնդիրները
ԱԺ նախագահը քննարկել է Ադրբեջանի վարած քարոզչությունը, Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակման հարցն ու Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության և անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում գործընկերներին ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Սիմոնյանը տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ զրույցում մասնավորեցրել է Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության և Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:
«Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող և չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետևանքներից, քննարկվել են նաև տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:
ԱԺ նախագահը հանդիպել է նաև Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ:
Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի 150 քկմ տարածք. Ալեն Սիմոնյան
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով Բահրեյն է մեկնել մարտի 11-ին։ 11–հոգանոց պատվիրակության կազմում են նաև ՔՊ խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը։ Նրանք Մանամայում (Բահրեյնի Թագավորություն) կլինեն մինչև մարտի 15-ը։
Այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։