2023 թ.–ի առաջին 2 ամիսներին ՀՀ է այցելել 290 հազար զբոսաշրջիկ. Քերոբյան

Հյուրանոց Երևանում. Արխիվային լուսանկար
Ըստ Վահան Քերոբյանի, ՀՀ–ում հյուրանոցների ծանրաբեռնվածությունը հավասար դարձնելու համար պետք է գրավիչ դարձնել նաև ձմեռային զբոսաշրջությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2023 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ, ինչը 40% - ով ավել է 2019 թվականի նույն ժամանակաշրջանի թվից։ Այս մասին Ազգային ժողովում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Եթե այսպես կգնանք, տարեվերջին կունենանք ռեկորդային թիվ»,– նշեց նախարարը։

Նախարարը հայտնեց, որ զբոսաշրջության ոլորտը կարգավորելու համար այժմ մշակվում է օրենսդրություն, որտեղ ավելի խիստ պահանջներ կդրվեն զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցների նկատմամբ:

Ինչ վերաբերում է հյուրանոցներին աստղեր տրամադրելուն, ապա, ըստ նախարարի, դա պետք է անի Հայկական հյուրանոցային ասոցիացիան։ Այն պետք է դառնա Եվրոպական հյուրանոցների ասոցիացիայի անդամ, իսկ հետո այդ ասոցիացիայի մեթոդաբանությամբ աստղեր տրամադրի հյուրանոցներին։
Հյուրանոցների միջին տարեկան ծանրաբեռնվածությունը 2022 թվականի ընթացքում կազմել է 65 տոկոս։ Սա, ըստ նախարարի, շատ ցածր թիվ է, որպեսզի ներդրումները լինեն հետաքրքիր։ Իսկ ՀՀ–ում հյուրանոցների ծանրաբեռնվածությունը հավասար դարձնելու համար պետք է գրավիչ դարձնել ձմեռային զբոսաշրջությունը։