2022–ին ԵԱԶԲ–ն Հայաստանում ֆինանսավորել է մոտ 100 մլն դրամի ծրագիր

Վահան Քերոբյան. Արխիվային լուսանկար
Վահան Քերոբյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը 2022 թ–ին աճել է 92,7 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2022 թվականին Եվրասիական զարգացման բանկը Հայաստանում ֆինանսավորել է մոտ 100 մլն դոլարի ծրագրեր։ Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Վարկերից մեկը ստացել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ մոտ 30 մլն դոլարի չափով, New Energy ընկերությանը ստացել է 37 մլն դոլարի չափով վարկ` մինչև 65 ՄՎտ հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցման համար, Yeremyan Projects ընկերությունը ագրոարդյունաբերական համալիրի կառուցման համար ստացել է 25 մլն դոլարի չափով վարկ»,– նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է այս տարվա նախագծերին, ապա նախարարը հիշեցրեց, որ փետրվարի 22-ին ԵԱԶԲ-ն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը կնքել են հուշագիր` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագծին մասնակցելու համար։ Վարկի ծավալը կկազմի 100 մլն դոլար:
Վահան Քերոբյանը հիշեցրել է նաև, որ 2022 թվականին մի շարք իրավական ակտեր են ընդունվել բիզնեսին աջակցելու համար։ Դրանց թվում է արտադրանքի օրգանական սերտիֆիկացման մասին կանոնակարգը, որի շնորհիվ հայ ֆերմերները կարող են էկո-մթերքները անարգել արտահանել ԵԱՏՄ շուկա։
Մեկ տարում շուրջ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել Հայաստան. Քերոբյան
Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը 2022 թվականին կազմել է 5 մլրդ 267 մլն դոլար։ 2021 թվականի համեմատ այն աճել է գրեթե կրկնակի` 92,7 տոկոսով։
Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար կամ 2,8 անգամ ավելի, քան 2021 թվականին, իսկ ներմուծումը ՝ 2,7 մլրդ դոլար կամ 49 տոկոսով ավելի 2021-ից: