ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. 2 անձ «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանում թմրամիջոց են թաքցրել, ամենայն հավանականությամբ, բժշկական կենտրոն տեղափոխված ազատազրկված անձի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, դեպքի մասին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել մարտի 9-ին։
«Oպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին «Էրեբունի» ԲԿ-ի տարածքից թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխվել 1993թ․ ծնված Հ․ Բ․-ն և 2001թ․ ծնված Հ․ Հ․-ն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հ․ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված, ընդհանուրը 6.81 գրամ քաշով մարիխուանային նմանվող զանգված, իսկ Հ․ Հ․-ի գրպանից հայտնաբերվել է մոխրացված հետքերով 2 կաթուցիչ:
Հ․ Բ․-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ նախատեսված իր անձնական օգտագործման համար:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: