ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան չի կարողացել հաստատել Մոսկվայի հետ խաղաղ բանակցությունների շուրջ արևմտյան երկրների հետ քննարկումների մասին տեղեկությունները՝ նրանց կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններում իր աղբյուրներին, հաղորդել էր, որ այդ երկրները առաջ են մղում Ուկրաինայի հետ պաշտպանական պակտ կնքելու գաղափարը և փորձում են նպաստել, որ Կիևը խաղաղ բանակցություններ սկսի Մոսկվայի հետ: Այդպիսի համաձայնագիրը դիտարկվում է որպես Կիևին բանակցություններ սկսելուն դրդելու միջոց։
«Մենք այդ երաշխիքները չենք կապում Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու հետ։ Հնարավոր է, որ այդ թեման քննարկվում է դաշնակիցների մակարդակով, սակայն այդ բանակցությունները չեն կարող նախապայմաններ ունենալ»,- նշել է Ստեֆանիշինան Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ այս պահին Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները դիտարկվում են որպես հակամարտության ավարտից հետո երկրի պաշտպանունակության ամրապնդում: