ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաման է ստորագրել, համաձայն որի՝ երկրաշարժից տուժածներին հարկային արտոնություններ կամ անտոկոս վարկեր կտրամադրվեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Սիրիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Բաշար Ասադն օրենսդրական հրամանագիր է ստորագրել` որպես վերականգնման փուլի հետ կապված միջոցառումներից մեկը, որը ներառում է երկրաշարժից տուժածներին համակողմանի աջակցություն ցուցաբերելը»,– ասված է հաղորդագրությունում։
Կառավարությունը տուժած անձանց ազատում է մի շարք հարկերից, վերականգնողական աշխատանքների համար գանձումներից, ինչպես նաև մինչև 2024 թվականի ավարտը հնարավորություն է տրվում հետաձգելու բանկային վարկերի վճարումները։ Չեղարկվում են նաև հարկերի հավաքագրումն ու այլ ֆինանսական վճարները, հնարարավորություն է ընձեռվում պետական բանկերից մինչև 200 մլն սիրիական ֆունտ (մոտ 28 հազար դոլար․ խմբ.) գումարի վարկ վերցնելու, ինչը կթույլատրվի վճարել հաջորդ 10 տարվա ընթացքում։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Զոհերի թիվը հասել է 48 հազարի։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։