Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց

Երևանի փոխքաղաքապետը մարտի 10-ին ձերբակալվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Գևորգ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվել է»,– ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Սիմոնյանը ձերբակալվել էր մարտի 10-ին։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցանկում ներառել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ն:
Հետագայում Սիմոնյանը հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ։
Նույն վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս 8 անձ։