Երևանի կենտրոնում տարօրինակ հայտարարություններ են փակցված. ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Ոստիկանությունից մեզ հորդորեցին դիմել գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ նմանատիպ հարցերով զբաղվում է... ոստիկանությունը։ Կրկին դիմեցինք ոստիկանություն, որտեղ «պարզվեց», որ հարցն առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Վերջին շրջանում Երևանի կենտրոնում ավելի հաճախակի կարելի է սյուների վրա փակցված ռուսերեն հայտարարություններ տեսնել. «Անվճար օգնություն թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացության վայր չունեցող անձանց համար» կամ «Անանուն օգնություն թմրամիջոցներից և ալկոհոլից կախվածության մեջ գտնվող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց»։ Որոշեցինք պարզել, թե ով կամ ովքեր են կանգնած այդ հայտարարությունների հետևում։
Երևանում խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել. ՔԿ
Հայաստանում նմանատիպ ծառայություններ մատուցում են Կախվածությունների ազգային կենտրոնը և 2 մասնավոր կլինիկա, որոնց անունները գաղտնի են պահվում։ Կենտրոններից որևէ մեկն, իհարկե, սյուների վրա հայտարարություններ չի փակցնում։
Սկսեցինք զանգահարել հայտարարություններում նշված հեռախոսահամարներով, Viber հավելվածով էլ պարզեցինք` օգտատերերից մեկը Դենիսն է, մյուսը` Իլդար Նուրիախմետովը։ Դենիսն այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց, իսկ Իլդարի հետ շատ դժվարությամբ հնարավոր եղավ կապ հաստատել։ Նրա հետ զրուցեցինք ալկոհոլիզմով տառապող մեր ծանոթին օգնություն ցույց տալու պատրվակով։
Իլդարը նշեց, որ բուժման կուրսում իրենք որևէ դեղորայք չեն գործածում, ամեն ինչ հիմնված է հոգեբանական և աշխատանքային թերապիաների վրա։ Այսքանը։ Այլ մանրամասներ, թե որտեղ են ապրում ու աշխատում, քանի հոգի են, նա հրաժարվեց հայտնել։
«Մեզ մոտ գալու համար առաջին հերթին պետք է ցանկանալ վերջ դնել այդ կախվածություններին։ Հենց այդ ժամանակ սկսվում է վերականգնողական փուլը։ Երբ անձը գալիս է մեզ մոտ, առաջին 2 ամիսը նա մեզ հետ է ապրում։ Ես և եղբայրները, որոնք ապրում են մեզ հետ, գնում ենք աշխատանքի, գումար ենք վաստակում և ինքներս ենք կացության համար վճարում։ Քույրերի ու կանանց մասին տեղյակ չեմ»,– ասաց Իլդարը։
Նա ընդգծեց, որ ամեն երեկո հավաքվում են, «Աստվածաշունչ» կարդում (այն, որ Նուրիախմետովն Աստվածաշունչ է կարդում, ինքնին տարօրինակ է – խմբ.)։ Իլդարը շեշտեց. «հավատքի ու Աստծո միջոցով կախվածություն ունեցողը մոռանում է թմրամիջոցներն ու ալկոհոլը»։
Խնդրանքին, որպեսզի մեր «ծանոթին» օգնելու համար հասցեն նշեն, Իլդարն այսպես արձագանքեց` անհրաժեշտ է, որպեսզի խնդիր ունեցող անձն ինքը զանգի ու խոսի իր կախվածության մասին։
Ասացինք, որ մեր ծանոթը 30-ամյա կին է, որն այդքան էլ լավ չի խոսում ռուսերեն։ Իլդարին ավելի շատ հետաքրքրեց կնոջ տարիքը, ինչը մի փոքր տարօրինակ թվաց։
«Նա 30 տարեկա՞ն է։ Շատ լավ տարիք է, նորմալ է։ Ասեք նրան մեր մասին, որպեսզի ինքն անձամբ ցանկանա գալ ու բուժվել։ Եթե անգամ նա ռուսերեն չխոսի, խնդիր չէ, մեզ հետ հայեր էլ են ապրում»,– ասաց Իլդարը։
Նշենք, որ կախվածություններից բուժում իրականացնելու համար Առողջապահության նախարարությունից լիցենզիա ստանալը պարտադիր է։ Սա էլ իր հերթին որոշակի գործընթաց է ենթադրում` լիցենզավորող ընկերությունը պետք է անպայման ստուգում իրականացնի տվյալ կենտրոնում, քանի որ նման ծառայություն մատուցելու համար հատուկ պահանջներ կան (կադրային, գույքային հագեցվածություն և այլն)։
Անանուն օգնության մասին հայտարարություն Երևանում
Կախվածությունների ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը բացառեց հնարավորությունը, որ նմանատիպ հայտարարություններով մարդկանց ծուղակն են գցում՝ հետագայում նրանց թմրամիջոցներ վաճառելու, կախվածության մեջ գցելու նպատակով։ Վստահ է, որ չի կարող այդպիսի բան լինել, քանի որ հայտարարությունում նշված է հեռախոսահամար, որով հեշտ է անձին նույնականացնել։ Ըստ նրա, հայտարարության հեղինակը կամ հեղինակները ցանկանում են օգտվել իրենց դիմած անձանց անօգնական վիճակից ու կացարանով ապահովելու դիմաց նրանց ներգրավել որոշակի աշխատանքներում և շահագործել։
Նազինյանը նաև առնվազն տարօրինակ համարեց սյուների ու ծառերի վրա նման հայտարարություններ փակցնելը, քանի որ ցանկացած տեղեկության այսօր հնարավոր է փոխանցել համացանցի ու հեռուստատեսության միջոցով։
«Հորդորում եմ կախվածություններ ունեցող պացիենտներին ստուգել, ճշտել` արդյոք այդ անձինք, կազմակերպությունները կամ կենտրոններն ՀՀ առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված են և իրավունք ունեն նման ծառայություն մատուցելու։ Եթե որևէ մեկն այդ ծառայությունն իրականացնում է առանց լիցենզավորման, բնականաբար բուժման արդյունավետության մասին խոսք լինել չի կարող, ընդհակառակը՝ հնարավոր է նույնիսկ վտանգավոր լինել կախվածության մեջ գտնվողների համար։ Կարծում եմ նաև, որ տվյալ անձը կարող է մանիպուլացնել հասարակությանը` որևէ շահ հետապնդելու մտադրությամբ»,– նշեց Նազինյանը։
Դիմեցինք նաև իրավապահ մարմիններին՝ արդյոք նման «գրավիչ» հայտարարությունների դեպքում հետամուտ են լինում պարզելու՝ ով, ովքեր կամ ինչ ծառայություններ են թաքնված դրանց հետևում։
Ոստիկանությունից մեզ հորդորեցին դիմել գլխավոր դատախազություն, գլխավոր դատախազությունից մեզ ասացին, որ նմանատիպ հարցերով զբաղվում է... ոստիկանությունը։ Կրկին դիմեցինք ոստիկանություն, որտեղ «պարզվեց», որ հարցն առողջապահության նախարարության իրավասությունների տիրույթում է։
Իրավապահ մարմինները նաև ընդգծեցին, որ պետք է կոնկրետ դեպքի մասին կոնկրետ հաղորդում կամ հրապարակում լինի, որպեսզի գործին ընթացք տան։
Ստացվեց այնպես, որ չնայած բազմաթիվ ջանքերին, այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մայրաքաղաքով մեկ «սփռված» տարատեսակ հայտարարություններն անվնա՞ս, «բուժի՞չ», թե՞ վտանգավոր են։