ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Գևորգ Պետրոսյանը հայտնել էր, որ իրեն ձերբակալել են ծիծաղելի հոդվածով։
Փաստաբան Ասլանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Պետրոսյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով։
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ պարեկները Աբովյան–Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն անկանոն է վարել մեքենան ու փորձել են կանգնեցնել նրան։ «Կանգ առ» օրինական պահանջին վարորդը չի ենթարկվել, հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման, ինչպես նաև սպառնացել է պարեկներին ու փախուստի դիմել։ Իրավապահները Ծարավ աղբյուրի փողոցում հետապնդել են վարորդին, արդյունքում կարողացել են հարկադրաբար կանգնեցնել մեքենան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։