Արցախը շրջափակման պատճառով առերեսվել է նոր մարտահրավերներին. Արայիկ Հարությունյան

Արխիվային լուսանկար
Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին` իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստում քննարկել է երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Շրջափակման հարուցած մարտահրավերները շարունակում են գոյություն ունենալ։ Մարտի 10-ին Հայաստանից մատակարարվող բնական գազի խողովակաշարի հերթական արգելափակումն Արցախում հումանիտար ճգնաժամի խորացմանն ուղղված հերթական քայլն է»,– ասել է Հարությունյանը:
Նա նաև միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի 91-օրյա շրջափակման վրա: Նախագահն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը փորձում է վերացնել 2020թ.-ի պատերազմի ծանր հետևանքները, սակայն այժմ առերեսվել է շրջափակմամբ և ուժի կիրառման սպառնալիքով պայմանավորված նոր ծանր մարտահրավերների:
Հանրապետության նախագահը որոշ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին՝ իրավիճակով պայմանավորված հրատապ ու կարևոր քայլերի իրականացման նպատակով:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ մարտի 10-ին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։