Ոստիկանությունը Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր ամբողջ Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների նախագծի դեմ 7-րդ համազգային գործադուլն է անցկացվում։ Նախապես հայտարարվել էր, որ երկրում 230 բողոքի ցույց է անցկացվելու։ SNCF ազգային երկաթուղային ընկերության գնացքների երթևեկությունը խաթարվել է, Փարիզի Օռլի օդանավակայանում չեղարկվել է չվերթերի շուրջ 20%–ը։
Բողոքի ակցիային տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում։
Ցուցարարների շարքում առաջատար արհմիությունների ներկայացուցիչներ կան, ինչպես նաև տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, երիտասարդական և ուսանողական կազմակերպություններ, «դեղին բաճկոններ» շարժման համախոհներ։
Արմատականները սադրել են ոստիկանության աշխատակիցներին` նրանց ուղղությամբ շշեր և ճայթռուկներ նետելով։ Ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։
Հիշեցնենք` հունվարի 10-ին Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը ներկայացրել է կառավարության մշակած կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել կենսաթոշակային տարիքը՝ 62–ից հասցնելով 64 տարեկանի։ Սակայն այդ բարձրացումը պետք է լինի աստիճանաբար, և գործընթացը կավարտվի 2030 թվականին։ Նոր ռեժիմը կկիրառվի 1961 թվականի սեպտեմբերից հետո ծնվածների համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստվում է կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել մինչև իր երկրորդ մանդատի ավարտը։
Բարեփոխումը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։