ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ համատեղ քննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ հայտնել էր, որ մարտի 10֊ին` ժամը 19։10–ից ժամը 19։40–ն, ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենքեր։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը նաև շարունակում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ։
Խաղաղապահները մարդասիրական բեռով 1 ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,8 հա տարածք է մաքրվել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։