ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Կապան՝ այցելելու ողբերգական ավտովթարից տուժած դպրոցականներին և ուսուցիչներին։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած կարճատև խորհրդակցության ընթացքում նախարարին ներկայացվել է իրավիճակը։ Այնուհետև Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն են ստանում վթարից տուժածները։ Նախարարն ու մարզպետը զրուցել են նրանց հետ, մաղթել շուտափույթ ապաքինում։
Ժաննա Անդրեասյանն այցելել է ավտովթարից տուժած դպրոցականներին
«ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթության ոլորտի լիազոր մարմին, պետք է հատուկ վերլուծություն իրականացնի, թե երեխաների տեղափոխման գործընթացը ընդհանրապես ինչպես է կազմակերպվում։ Մեր ուշադրությունն ու զգոնությունը պետք է բազմապատիկ մեծ լինեն, երբ գործ ունենք երեխաների անվտանգության հետ»,–ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ պետք է գործեն միասնական ստանդարտներ` անկախ նրանից, թե երեխաների տեղափոխումը որ կազմակերպությունն է իրականացնում։
Տվյալ դեպքում վթարված ավտոբուսի ծառայությունը պատվիրակված է եղել մասնավոր կազմակերպության կողմից, սակայն, ըստ նախարարի, դա խնդրի կարգավորման հետ որևէ կապ չունի. որակի միասնական չափորոշչի սահմանմամբ բոլորի համար ընդհանրական պահանջներ կլինեն։
«ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տեղեկատվության հավաքագրում բոլոր այն դպրոցներից, որտեղ տրանսպորտային տեղափոխման ծառայություն է կազմակերպվում։ Ընդ որում` այս խնդիրը վերաբերում է ոչ միայն դպրոց հաճախելիությանը, այլ նաև էքսկուրսիաների կազմակերպման ժամանակ օգտագործվող փոխադրամիջոցներին»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք` մարտի 10-ին «ՊԱԶ 3206-110» մակնիշի ավտոբուսը Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից Ուխտավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին Կապան քաղաք տեղափոխելիս դուրս էրեկել երթևեկելի գոտուց և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլորվել Աճանան գետը։
Դրա հետևանքով Կապան համայնքի Ուխտավայրի միջնակարգ դպրոցի դասվար Թամարա Դավթյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 22 ուղևորներն ու վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կապանի բժշկական կենտրոն:
Այսօր հայտնի դարձավ, որ 22 անձանցից 9-ը դուրս են գրվել բուժկենտրոնից, ևս 1 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Երևան։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։