ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. 2022 թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը:
Նրա խոսքով` բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը:
Արշակյանը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն աջակցում է նոր ներդրումների ներհոսքին և միջազգային ընկերությունների մուտքին հայկական շուկա։
Ոլորտը զարգացնելու համար կառավարությունն ավելացրել է գիտությանն ուղղված ֆինանսավորումը, որը կազմում է ավելի քան 30 մլրդ դրամ։
«Սա նշանակում է, որ գիտությամբ զբաղվող, ստեղծարար մարդն առաջնահերթ տեղ ունի Հայաստանի զարգացման համար»,- նշել է Արշակյանը:
Փոփոխվող և զարգացող աշխարհաքաղաքական միջավայրում մարտահրավերները հաղթահարելու համար ԱԺ փոխնախագահը հորդորել է մեկտեղել ուժերը բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար: