ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրին գեղեցիկ ու հին քաղաք է, բայց մաքրության հարցում դեռ շատ անելիք կա: Այսպես են կարծում Գյումրիում ապրող օտարերկրացիներից շատերը, որոնք «Էկո Գյումրի» ծրագրի շրջանակում քաղաքի մաքրման աշխատանքներով են զբաղվում։ Նրանցից մեկն էլ Ռուսաստանից եկած դիզայներ Յուլյան է։
«Քաղաքը մաքրելն այն չնչին բանն է, որ կարող ենք անել։ Ես ինքս շատ եմ սիրում այս փոքրիկ ու գեղեցիկ քաղաքը։ Առհասարակ կարծում եմ` Գյումրին չսիրել ուղղակի անհնար է։ Հեքիաթային քաղաք է: Սիրով կմնամ ու կապրեմ այստեղ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Յուլյան, որը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո է իմացել Գյումրու մասին։
Յուլյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Օտարերկրացիներից մյուսը` ծրագրավորող Ալեքսանդրն է, արդեն վեց ամիս է, ինչ տեղափոխվել է Գյումրի:
Նրա կարծիքով` քաղաքի մաքրման նախաձեռնությունն ինչ–որ չափով իրենց շնորհակալություն է հյուրընկալման համար:
«Հուսով եմ, որ միասին կարող ենք քաղաքն է՛լ ավելի գեղեցիկ դարձնել»,- ասաց նա։
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ալեքսանդրը հիմա հայերեն է սովորում։ Արդեն գիտի տառերն ու կարողանում է մի քանի արտահայտություն ասել։
Քաղաքագետ Հովհաննես Մինասյանն էլ ծնողների հետ մեկնել էր Հայաստանից, երբ դեռ 8 ամսական էր։ Տարիներ անց «Դեպի Հայք» ծրագրի կամավորների հետ վերադարձել է հայրենիք ու մշտական բնակություն հաստատել Գյումրիում։
«Երբ ես միացա նախագծին, հասկացա, որ միայն շաբաթօրյակներով չենք սահմանափակվելու, լուծելու ենք բնապահպանական ավելի գլոբալ խնդիրներ»,–ասաց նա։
Հովհաննես Մինասյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Էկո Գյումրի» նախագծի մասնակիցները այսօր ոչ միայն մաքրում են քաղաքի տարբեր հատվածները, այլ նաև բնապահպանական ծրագրեր են իրականացնում՝ աղբի տեսակավորում, swap–party-ներ, երբ մարդիկ նվիրում են իրենց իրերը` աջակցելով մյուսներին։
Չի բացառվում` «Էկո Գյումրի» նախագիծը շուտով հասարակական կազմակերպության վերածվի, ինչը հնարավորություն կտա դրամաշնորհներ շահելու և տարբեր ծրագրեր կյանքի կոչելու։
Ծրագրին միացողների թիվը գնալով աճում է։ Մասնակիցները հուսով են, որ իրենց շարքերը կհամալրեն ոչ միայն օտարերկրացիները կամ սփյուռքահայերը, այլև գյումրեցիները։
ՌԴ–ից եկած քաղաքացիները մաքրում են Գյումրին
© Sputnik / Armenuhi Mkhoyan