Վրաստանի վարչապետն ընդունել է Ժաննա Անդրեասյանին

Նախարար Անդրեասյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։
«Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է հայ-վրացական բազմակողմ հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը։ Նա վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Իր հերթին նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցներին աջակցելու համար՝ կարևորելով կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալ եմ, մաեստրո․ Թամարա Գվերդծիթելին՝ Ազնավուրի, «Սանսեթ Բուլվարի» և հայերի մասին
Այս համատեքստում կարևորվել է ՀՀ-ի և Վրաստանի միջև կրթության ոլորտում կնքված հուշագրերը։ Անդրեասյանն անդրադարձել է նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությանը՝ ուղղված ՀՀ դպրոցներում վրացերենի՝ որպես երրորդ օտար լեզվի ներդրմանը։
Ժաննա Անդրեասյանի ու Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը
«Նախարար Անդրեասյանը հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ 2023-24 թթ.-ին կազմակերպելու փոխադարձ մշակույթի օրեր»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: