ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ է դարձել։
Խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը պաշտոնապես հետ կանչելու համար այն պետք է ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ «տապալվի»։
«35 պատգամավոր դեմ են քվեարկել, 1-ը՝ կողմ։ Նիստն ավարտված է»,- հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հիշեցնենք` մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի առաջին տարբերակը։ Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր սկսվեցին, որոնք ցրելու համար ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեցին։ Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից։