ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը կազմել է մոտ 48 հազար, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը։
«Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 47 932 մարդ, որից 6265-ը օտարերկրացիներ են»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։