ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։
Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
© Photo : official site of MoD of RA
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, հետևել է առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։