Կրեմլը բացասաբար է վերաբերվում Հայաստանում որոշ ռուսաստանցիների մուտքի արգելքին

Պեսկովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կրեմլը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանից որոշ լրատվամիջոցների ղեկավարների և պատգամավորների Հայաստան մուտքի արգելքին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անկեղծ ասած, մենք բացասաբար ենք վերաբերվում դրան: Հայաստանը մեր մեծ բարեկամն է, դաշնակիցը, ռազմավարական գործընկերը: Եվ, իհարկե, երկկողմ հարաբերությունների մակարդակն ու բնույթը պարտավորեցնում են մեզ պաշտպանել երկկողմ հարաբերությունները նման դեպքերից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին։
Պեսկովը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները «տեսանելի ապագայում զերծ կլինեն նման դեպքերից»։
Ավելի վաղ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուսաստանցի մեդիա մենեջեր և լրագրող Արամ Գաբրելյանովին արգելել էին մուտք գործել Հայաստան։ Մինչ այդ 2022 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանի կառավարությունն արգելել է մուտք գործել երկիր։