Կաշառք ստանալու համար «Հայանտառի» Թումանյանի մասնաճյուղի տնօրենը կալանավորվել է

Կալանք. Արխիվային լուսանկար
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Կաշառք տվող անձանց ևս մեղադրանք է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik․ Կալանավորվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղ.-ն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ղարագոզյանը 2021 թվականի ընթացքում հիշյալ անտառտնտեսությունից մթերված փայտանյութը տարբեր գնորդների վաճառելու համար նրանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:
Մասնավորապես պարզվել է, որ Կ. Ղարագոզյանը իր ղեկավարած մասնաճյուղի անտառային ֆոնդի տարածքից 5,7 մ3 վառելափայտը Ա. Բադալյանին վաճառելու համար 2021 թ. նոյեմբերի 10-ին իր աշխատասենյակում նրանից անձամբ ստացել է 47.000 ՀՀ դրամ կաշառք, 25 մ3 վառելափայտ Գ. Պարանյանին վաճառելու համար նրանից ստացել է 117.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ մեկ այլ անձի՝ Ա. Բուդաղյանին, 33 մ3 վառելափայտ վաճառելու համար վերջինից պահանջել է 165.000 ՀՀ դրամ կաշառք:
Ավելին` «Թումանյանի անտառպետության» պահաբաժնում անցկացված գազի խողովակաշարը 2021 թվականի դեկտեմբերի ընթացքում ապամոնտաժելու հետևանքով շուրջ 450 մ2 մակերեսով անտառային տարածքի ոչնչացման փաստը չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով իրավական ընթացակարգեր չնախաձեռնելու համար ՍՊԸ ներկայացուցիչ Ռ. Սաքանյանից ստացել է 240.000 ՀՀ դրամ:
Կաշառք պահանջելու և ստանալու համար «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կ. Ղարագոզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 311-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, իսկ Գ. Պարանյանին, Ա. Բադալյանին, Ա. Բուդաղյանին և Ռ. Սաքանյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը)։
Կ. Ղարագոզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: