ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է 3-ով և դարձել 46։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Վարակվածներից 15-ը հոսպիտալացված են, 17-ը` ոչ, 14-ը դուրս են գրվել: Հիվանդների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: 46 վարակվածներից 43-ը պատվաստված չեն, 3-ը պատվաստված են մեկ դեղաչափով»,– ասված է հաղորդագրությունում:
Կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Գերատեսչությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։