Հայաստանի ու Վրաստանի նախարարները Թբիլիսիում հուշագիր են ստորագրել

Երկուստեք կարևորվել է միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին վստահություն է հայտնել, որ ստորագրվող հուշագրի շրջանակում կիրականացվեն համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա կարևորել է նաև համագործակցությունն աստղաֆիզիկայի բնագավառում:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանում հայերենի ուսուցմամբ հանրային դպրոցների աջակցության և արդյունավետ համագործակցության համար: Նա ԿԳՄՍ նախարարության կողմից համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցների՝ հայերենի դասագրքերով ապահովման, ինչպես նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման ընթացակարգերում համագործակցության աշխատանքները շարունակելու վերաբերյալ:
Համագործակցելով Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ՝ շուրջ 18000 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Թբիլիսի՝ Վրաստանի հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին փոխանցելու համար:
Ժաննա Անդրեասյանը նաև հայտնել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ իրականացնելու հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ու դասվարների մասնագիտական վերապատրաստում:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ-ի և Վրաստանի միջև դպրոցական և միջբուհական համագործակցությունը, որի կարևոր ձեռքբերումներից է Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի և Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի միջև համագործակցության հուշագրի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Նա առաջարկել է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ընդգրկելով նաև ՀՀ և Վրաստանի այլ ուսումնական հաստատություններ և կրթագիտական կառույցներ:
Երկուստեք կարևորվել է նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը, որի միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ստանում բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի բուհերում, իսկ Վրաստանի քաղաքացիները՝ ՀՀ բուհերում:
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի հետ
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նաև զարգացնել փոխգործակցությունը գիտության ոլորտում՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, որը հնարավոր է դիտարկել նաև Horizon Europe ծրագրի շրջանակում:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Միխեիլ Չխենկելին ստորագրել են «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում համագործակցության մասին» հուշագիր:
Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: