Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ. Լևոն Սարդարյան

Գևորգ Սիմոնյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Ըստ մամուլի հրապարակումների` խուզարկությունն իրականացվել է առողջապահության նախարարությունում չարաշահումների հետ կապված քրգործի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ փոխքաղաքապետը բերման է ենթարկվել։
«Պարոն Սիմոնյանը իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը»,–գրել է Սարդարյանը:
Նրա աշխատասենյակում այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին կատարում: Ըստ մամուլի հրապարակումների` խուզարկությունն իրականացվել է առողջապահության նախարարությունում չարաշահումների հետ կապված քրգործի շրջանակներում։
Օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որպեսզի հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։
Ըստ պարբերականի` հնարավոր է` ԱԺ նոր միջնորդություն կներկայացվի անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։ ՔՊ–ում փորձել են գուշակել, թե ով է «զոհաբերվելու». 2 անուն են կասկածում։ Մեկն Արսեն Թորոսյանն է, որի նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ, Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, որին պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը։