ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արգելել է իր հարազատներին գնալ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» և տեսակցել իրեն: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Բանն այն է, որ իրավապահ համակարգը թույլ է տվել, որ միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն Տոնոյանը հարազատներին արգելել է իրեն տեսակցության գալ»,– գրում է պարբերականը` նշելով, որ մինչ օրս արգելված էր նրա որևէ հարազատի տեսակցել Տոնոյանին, այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում։
Թերթը հիշեցնում է, որ «Անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
: