Ավտոբուսի վթարից հետո Գորիսից և Քաջարանից բժիշկներ են տեղափոխվել Կապանի բուժկենտրոն

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Դպրոցական ավտոբուսի վթարից տուժած մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում դպրոցական ավտոբուսի վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է նաև Կապանի բժշկական կենտրոնում։
«Մարզպետը շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին»,-նշված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել գետում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թամարա Դավթյանի (ծնված 1970 թ․) մահը։