ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն են ներկայացրել, որտեղ հայտնել են, որ աշխատանք է տարվում «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքի լավարկման և ՀՀ օրենսդրությունը ԵՄ դիրեկտիվներին մոտարկելու ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Զեկուցվել է նաև «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության մասին:
«Վարչապետին ներկայացվել են բնակչության, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովմանը, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախորդ տարի կատարած աշխատանքները։ Առաջիկա ծրագրերի համատեքստում մանրամասներ են ներկայացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման մասին։ Խոսել են նաև ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվել է, որ միջուկային տեղակայանքների նկատմամբ վերահսկողության շրջանակում շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիային կից պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, վերլուծվել են հաշվետվությունները։ Ուսումնասիրվել են անվտանգային համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, կազմվել են եզրակացություններ:
ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով շարունակվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը, որի առաքելությունը 2022թ. մարտին այցելել էր Հայաստան: Առաջիկա ծրագրերի համատեքստում մանրամասներ են ներկայացվել ՀԱՄԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նոր էներգաբլոկի կառուցման, ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ և այլն:
Կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2022թ. առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիային կից պահանջների կատարման ուսումնասիրություններ։ Ըստ անհրաժեշտության՝ կատարվել է ռադիոակտիվ աղբյուրի շահագործումից հանում ու վնասազերծում և այլն: Փաշինյանին ներկայացվել է նաև շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է ԵՄ օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Նշվել է, որ առաջիկա ծրագրերի շրջանակում նախատեսվում են գիտահետազոտական ոլորտում արագացուցչի կիրարկման, միջուկային բժշկության զարգացման, կադրերի վերապատրաստման և այլ ծրագրեր:
Վարչապետն անդրադարձել է այս ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդրի կարևորությանը՝ նշելով, որ պետք է կոնսոլիդացնել ոլորտային կրթությանն ուղղվող ռեսուրսները և որակյալ համակարգ ձևավորել: Կառավարության ղեկավարը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված՝ ՀՀ առաջնահերթությունների պատշաճ իրականացումը և այս առնչությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին: