ԱԱԾ–ն խուզարկում է Երևանի քաղաքապետի տեղակալի աշխատասենյակը

Գևորգ Սիմոնյան
Քաղաքապետարանում տեղյակ չեն` ինչ գործով է խուզարկություն իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին Երևանի քաղաքապետարանից։
Թե ինչ գործով է իրականացվում խուզարկությունը, քաղաքապետարանում տեղյակ չեն։
Օրեր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել ՔՊ-ականներին այս կամ այն կերպ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ հեռավոր բարեկամների, ընկերների ունեցվածքը, որպեսզի հասկանա, թե թիմակիցներից ով ինչքան է գողանում, ով ինչքան է հարստացել, իրեն ինչքան է խաբել։
Ըստ պարբերականի` հնարավոր է` ԱԺ նոր միջնորդություն կներկայացվի անձեռնմխելիությունից զրկելու մասին, բայց այս անգամ՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկի վերաբերյալ։ ՔՊ–ում փորձել են գուշակել, թե ով է «զոհաբերվելու». 2 անուն են կասկածում։ Մեկն Արսեն Թորոսյանն է, որի նախարար աշխատած տարիների, մասնավորապես քովիդի շրջանի չարաշահումների վերաբերյալ քրգործեր կան հարուցված: Բացի այդ, Թորոսյանը վարչության ընտրությունների կեղծիքը բացահայտեց` դառնալով անցանկալի անձ ողջ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի համար: Մյուսը պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է, որին պատժելու առիթն էլ կարող է լինել Սեյրան Օհանյանի միջնորդության քվեարկությանը «հիվանդության» պատրվակով չմասնակցելը»։