ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանն անարդյունավետ է համարում հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի համատեքստում ռազմատենչ հռետորաբանությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցանկացած կողմի ռազմատենչ հռետորաբանությունն անարդյունավետ է և չի օգնում խաղաղ օրակարգի առաջմղմանը։ Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է անշեղորեն պահպանեն բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու և Լաչինի միջանցքն օգտագործելու վերաբերյալ», - նշեց դիվանագետը։
Մոսկվան համարում է, որ իրավիճակի լիցքաթափմանը կնպաստեր պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Հանդիպումը կայացել էր Սերգեյ Լավրով-Ջեյհուն Բայրամով ձևաչափով։ Դրանից հետո ռուսական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է նոր հանդիպում կազմակերպել։