Whatsapp հաշիվներ են գողանում. տեղեկատվական անվտանգության մասնագետն ասում է` ինչ անել

Տեղեկատվական անվտանգության մասնագետն ուղեցույց է հրապարակել, թե ինչպես կարելի է վերականգնել գողացված հաշիվը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարդկանց Whatsapp հաշիվները գողանալու փաստով միջազգային մակարդակով հետաքննություն է ընթանում։ Ամենաառաջին կասկածյալը մեր հարևաններն են (թուրքերն ու ադրբեջանցիները,–խմբ.), բայց դեռ ապացույցներ չկան։ Իր Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` մեծ թվով Whatsapp հաշիվներ են ստեղծվել, ընդ որում` այնպիսի մարդկանց հեռախոսահամարներով, որոնք իրականում երբևէ չեն ունեցել Whatsapp, չեն օգտվել այդ կապից։
Խարդախներն օգտագործում են վարչապետի, նախագահի անունները, որ վստահություն ձեռք բերեն. ԱԱԾ
Մասնագետն ուղեցույց է հրապարակել` ինչպես կարելի է վերականգնել գողացված հաշիվները։
Նրա խոսքով` ունեցած Whatsapp հաշվի անվտանգության համար անհրաժեշտ է միացնել հաշվի երկփուլային նույնականացումը։ Բայց ի՞նչ անել, եթե հաշիվը գողացել են և հենց գողացողն է միացրել երկփուլային նույնականացումը։
«Մի անգամ փորձում եք հետ բերել ու չի ստացվում, դրանից 7 օր հետո երկփուլային նույնականացումն անջատվում է։ Ուստի 7 օր հետո կարող եք հետ բերել հաշիվը ձեր հեռախոսում, միացնել երկփուլային նույնականացումը»,– նշում է Մարտիրոսյանը։
Նրաա խորհուրդն է` եթե չունեք Whatsapp հաշիվ ու դրա անհրաժեշտությունը, միևնույն է` գրանցվեք, զբաղեցրեք այն, որ հետո ձեր անունով հաշիվ չբացեն ու չփորձեն «վատ բաներ» անել, օրինակ` լրտեսության համար զինվորների հավաքագրել, կեղծ ինֆորմացիա տարածել և այլն։