Ո՞վ է «կանաչ լույս» տվել Վրաստանի հեղաշրջմանը

Բողոքի ակցիա Թբիլիսիում
Վրացական ԶԼՄ-ներում ընդդիմադիր առաջնորդների մասնակցությամբ սկանդալային տեսագրություն է տարածվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում էին գրավել Վրաստանի խորհրդարանի շենքը և հեղաշրջում իրականացնել, և այդ ամենի համար նրանք «կանաչ լույս» ունեին, գրում է Sputnik Գրուզիան:
Այս մասին խոսվում է «օտարերկրյա գործակալների» մասին սկանդալային օրինագծի ընդունման դեմ բողոքի ակցիայի գաղտնի տեսագրության մեջ, որտեղ երևում են քաղաքացիական ակտիվիստ Գիգա Մակարաշվիլին, ռազմական փորձագետ Ակիա Բարբակաձեն և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գեդի Փոփխաձեն: Տեսանյութը տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
«Եթե մարդիկ փողոց են դուրս եկել, մենք շենքը գրավելու լեգիտիմացում ենք ստացել․․․ Ցրտին ո՞վ դուրս կգա, եթե շենք մտցնես (մարդկանց խմբ․), նրանք կգիշերեն։ Առանց շենք մտնելու մարդիկ չեն մնա, տարբերակ չկա․․․ Եթե նրանք կանաչ լույս են տալիս, մեզ հնարավորություն են տալիս որոշակի խումբ առանձնացնել և ընդունել առաջին ալիքը, այնուհետև նորերը կհետևեն․․․ դա երկու ամսվա հարց է, միևնույնն է՝ հեղաշրջում լինելու է»,-ասում է Փոփխաձեն։
Ավելի ուշ հայտնվեց նաև երկրորդ տեսագրությունը։ Այս անգամ Փոփխաձեն զրուցում է Սերգի Կապանաձեի հետ, որը Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ Այս ձայնագրության մեջ նույնպես հնչում է «մենք կանաչ լույս ունենք» արտահայտությունը։ Սակայն թե կոնկրետ ումից ՝ քաղաքական գործիչը չի հստակեցնում։
«Առջևում չկատարման լուրջ խնդիրն էր, այսինքն՝ կարգավիճակը (ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի- խմբ․) չստանալու խնդիրը։ Այդպես նրանք վախեցան ժողովրդից և ձախողեցին։ Կարծում եմ, որ դա յուրատեսակ լյուստրացիա է, եթե կարող ես՝ պետք է մտնես»,-ասում է Կապանաձեն։
Բողոքի ակցիա Թբիլիսիում
Վրաստանի մայրաքաղաքում երկու օր է՝ բողոքի ակցիաներ են, որոնց մասնակիցները դեմ են առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին:
Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները` «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը, պնդում են, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի հակառակորդները միաբերան հայտարարում են, որ օրինագծերի ընդունումը շեղում է արևմտամետ ուղղությունից և ծառայում է մեկ նպատակի` թույլ չտալ Վրաստանին ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։
Նախորդ օրը ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի մուտքերը, ավտոմեքենաներ են այրել, կոտրել են օրենսդիր մարմնի շենքի պատուհաններն ու խանութների ցուցափեղկերը, «Մոլոտովի կոկտեյլներ» և այլ իրեր նետել իրավապահների ուղղությամբ: Ի պատասխան իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։
Իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը բողոքի ակցիաների ֆոնին որոշել է երկրի խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրինագիծը:

Աղմկահարույց նախաձեռնությունը

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» հաստատված օրինագծի համաձայն` օտարերկրյա ազդեցության գործակալներ են հանդիսանում բացառապես իրավաբանական անձինք, որոնց տարեկան եկամտի 20 տոկոսի աղբյուրը «օտարերկրյա ուժ» է։
Վրաստանի խորհրդարանն առաջիկայում նախատեսում էր քննարկել օրենքի ամերիկյան տարբերակը։
Առաջին օրինագծի և երկրորդի (ամերիկյանի նմանությամբ) հիմնական տարբերություններից մեկն այն է, որ օտարերկրյա ազդեցության գործակալներ կարող են լինել միայն իրավաբանական անձինք։ Ընդ որում, հեղինակների խոսքով, սկզբունքային է տերմինաբանությունը. «օտարերկրյա ազդեցության գործակալ», ոչ թե «օտարերկրյա գործակալ»: «Օտարերկրյա գործակալ» տերմինի օգտագործումը, ըստ հեղինակների, պիտակավորման վտանգ է պարունակում։
Օրինագծի ընդունման դեմ կտրուկ դեմ են արտահայտվել վրաստանյան ընդդիմությունը, երկրի նախագահը, ԱՄՆ-ի Պետդեպը, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։