ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արևմտյան երկրները հաշտվել են Իրանի միջուկային ծրագրի հետ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրանական լրատվամիջոցներին, այս հայտարարությունն արել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Այսօր նրանք հաշտվել են այն փաստի հետ, որ մենք ունենք դա (միջուկային ներուժը)... Իմպերիալիստները գիտեն, որ այլ ելք չունեն, բացի դիվանագիտությունից»,- ասել է Էսլամին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին մարտի 3-4-ը պաշտոնական այցով մեկնել էր Թեհրան։ Նա բանակցել էր Էսլամի հետ։ Հանդիպումից հետո Գրոսին ասել էր, որ գործակալությունը պատրաստվում է Թեհրանի հետ պայմանագիր կնքել, որը կօգնի վերականգնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA):