Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

Մոսկվան գործընկերների հետ սերտ կապի մեջ է, շարունակում են տարբերակներ փնտրել իրադրությունը կարգավորելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով` մշտական կապ է պահվում Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և երկու կողմերի միջև։
«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը», - նշել է նա:
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։