ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Եգիպտոսի նախագահի` հունվարին Հայաստան կատարած պատմական այցը նոր խթան կդառնա երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Շեշտել են Հայաստանի և Եգիպտոսի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սամեհ Շուքրին հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գործընկերները քննարկել են առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները: Կարևորվել են հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը։ Հիշեցրել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
«Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը:
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավածության կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Կահիրե` Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստին մասնակցելու համար։