ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. 2023 թ. երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում բացվել է երիտասարդական կենտրոն, որն անվանակոչվել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Երիտասարդական կենտրոնի բացումը, անշուշտ, իր դրական ազդեցությունը կունենա մեծամորցի երիտասարդների ինքնաբացահայտման, զարգացման, քաղաքացիական ակտիվ վարքի ձևավորման վրա»,– իր խոսքում նշել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը։
Նա վստահություն է հայտնել, որ կենտրոնում կազմակերպվելիք կրթական, մշակութային, սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային միջոցառումները կնպաստեն համայնքային կյանքի աշխուժացմանը, երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը։
Նշենք, որ ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք Մեծամորում կենտրոնի բացումն առաջին մեծ ծրագիրն է։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից` տարվա ընթացքում նախատեսվում են բազմաբնույթ այլ միջոցառումներ։