ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քրեական պատասխանատվության հարցերով ՔՕ–ի փոփոխման մասին օրենք է ստորագրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Пул первого» Telegram ալիքին։
«Փաստաթղթի հիմնական նպատակը ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական ուղղվածության հանցագործություններին ուղղված հակազդման ուժեղացումն է։ Միևնույն ժամանակ պաշտոնատար անձի կամ զինծառայողի կողմից պետությանը դավաճանելու համար առավելագույն պատժի` մահապատժի կիրառման հնարավորություն է նախատեսվում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Օրենքով նաև քրեական պատասխանատվություն է մտցվում ահաբեկչություն քարոզելու, ԶՈւ–ին, այլ զորքերին և զորամիավորումներին, ռազմականացված կազմակերպություններին վարկաբեկելու, ինչպես նաև պետական գաղտնիքի պաշտպանությանն ուղղված պահանջները խախտելու համար։ 3-10 օրով ավելացվում է պետական դավաճանության, դավադրության և պետական իշխանության զավթման նպատակով այլ գործողությունների, լրտեսության և գործակալական գործունեության մեջ կասկածվող անձանց պահման ժամկետը։
Միաժամանակ նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, որոնք միջազգային պաշտպանության տակ գտնվող հաստատությունների վրա հարձակում կամ դիվերսիայի իրականացնում են նախապատրաստում, սակայն հրաժարվել են իրենց մտադրություններից և աջակցություն են ցուցաբերել նշված հանցագործությունները կանխելու գործում։