ՀՀ իշխանությունն ինքն է «ռազմաբեմ» կառուցել ՌԴ-Արևմուտք հակամարտության համար. Հովհաննիսյան

Հայաստանի առաջին արտգործնախարարի կարծիքով` քանի դեռ երկրում իշխանության ղեկին թույլ թիմ է, Թուրքիան և Ադրբեջանը շտապում են իրենց համար շահավետ պայմաններով պայմանագիր կնքել։
Sputnik
Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ինքն է իր ապաշնորհ և անգրագետ գործողություններով առիթ տվել սրելու Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունները Հարավային Կովկասում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Արևմուտքը հարձակման է գնում

Հովհաննիսյանի կարծիքով՝ արևմտյան քաղաքական գործիչները, որոնք անմիջականորեն զբաղվում են Հարավային Կովկասով, ցանկանում են նախաձեռնողականություն ցուցաբերել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում։ Արևմուտքը խնդիր է դրել թուլացնելու, զրոյացնելու Ռուսաստանի դիրքերը և դիվանագիտական նախաձեռնությունները Հարավային Կովկասում։
«Հայաստանի իշխանությունները ինքն է «ռազմաբեմ» կառուցել այս տարածաշրջանում Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության համար։ Իհարկե, Մոսկվան և արևմտյան մայրաքաղաքները մինչ այդ էլ տարաձայնություններ ունեին, բայց այդ խնդիրներն այստեղ սրվեցին Հայաստանի ղեկավարության ապաշնորհ և անպատասխանատու քաղաքականության, դրանց փոփոխականության և մերթ ՌԴ-ի, մերթ Արմուտքի հետ խաղերի պատճառով», - վստահ է դիվանագետը։

Կարող էր ավելի լավ լինել

Նախկին արտգործնախարարի համոզմամբ՝ ազգային շահերով առաջնորդվող, հաշվետու իշխանության օրոք հնարավոր էր համատեղել և՛ ՌԴ խաղաղապահների ներկայությունը, և՛ ԵՄ դիտորդների առկայությունը Հայաստանում, սակայն ներկա իրավիճակում ՀՀ իշխանությունները դիտորդներ բերելով միայն սրում են իրավիճակը երկրում։
«Այլ իշխանության օրոք հակասություն չէի տեսնի` միաժամանակ ունենալով ռուս խաղաղապահ զորախումբ իր պարտականություններով և սահմանապահ լիազորություններով դիտորդական առաքելություն այլ երկրներից։ Հնարավոր կլիներ հաղորդակցվել և համագործակցել, բայց պարզ է, որ այդ մեկը (ԵՄ դիտորդների. խմբ.) չի կարող ապահովել անվտանգությունը։ Իրավիճակը բարդ է նաև նրանով, որ երկրի առաջնորդը ինքն է հայտարարում է, որ չի կարող ապահովել սեփական անվտանգությունը։ Սրանից հասկանալի է դառնում, թե ինչ արհավիրքի մեջ ենք»,–ասաց նա։
Արևմուտքից հնչող հայտարարությունները դիվանագիտական քողածածկույթ են. Սուրենյանց

Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են

Այս համատեքստում Հովհաննիսյանը դիտարկում է այն շտապողականությունը, որով Ադրբեջանը և նրա հետևում կանգնած Թուրքիան, «որսալով» ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, ցանկանում են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ իրենց ձեռնտու պայմաններով։
Հայաստանի այսօրվա իշխանությունները թույլ են, իսկ հասարակությունը` պառակտված, չկա համախմբում երկրի շահերի համար կարևորագույն թեմաների և խնդիրների շուրջ։ Նաև թուրք-ադրբեջանական տանդեմը ելնում է նրանից, որ միջազգային հանրության ուշադրությունն այժմ սևեռված է ուկրաինական իրադարձությունների վրա։
Նախկին արտգործնախարարը համոզված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման, ինչպես նաև նրա զինված ուժերի դիվերսիոն գործողությունների և մարդկանց զոհվելու պայմաններում Հայաստանին ձեռնտու խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել։ Նման իրավիճակում ոչ մի որոշում չի համապատասխանի հայկական շահերին։ Հետևաբար, նրա խոսքով, անհրաժեշտ են կտրուկ շրջադարձեր, որոնք պետք է արտացոլվեն նաև դիվանագիտության մեջ։ Որակյալ և հմուտ դիվանագիտության դեպքում Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահին կոչ չէր անի ցույց տալ Հայաստանի քարտեզը։

Հայաստանի իշխանությունները բախտի քմահաճույքին է թողնում Լեռնային Ղարաբաղին

Քաղաքական գործիչը գործող կառավարությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գաղափարից հրաժարվելու համար։ Նրա խոսքով՝ նախորդ իշխանություններն իրենց բոլոր թերություններով հանդերձ երկար ու քրտնաջան աշխատանք են կատարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ դեռևս 90-ականների սկզբից։ Այսինքն՝ իր անկախության արշալույսին Հայաստանը միջազգային հարթակներում դիվանագիտական հիմք է դրել հետագա ճանաչման համար։ Սակայն ներկայիս ղեկավարությունը մսխել է այդ արժեքավոր դիվանագիտական ռեսուրսը՝ հասկացնելով, որ չի մասնակցելու այդ գործընթացին և չի էլ ուզում լինել Լեռնային Ղարաբաղի երաշխավորը։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի կառավարության ղեկավարը ի պատասխան Գերմանիայի կանցլերի՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի մասին արտահայտությանը անորոշ մի արձագանք տվեց։
ՌԴ–ն պետք է պայքարի «ղարաբաղյան բանալու» համար. Մարկեդոնովը` հնարավոր սցենարների մասին
Հովհաննիսյանը զգալի ռիսկեր է տեսնում Լեռնային Ղարաբաղին երկխոսության պատրվակով Ադրբեջանի հետ մենակ թողնելու մեջ։ Այդ երկխոսությունը ո՛չ շրջանակային մեխանիզմներ ունի, ո՛չ էլ միջազգայնորեն երաշխավորված ձևաչափ։ Եվ այդ խոսակցությունն այն տեսքով, որով ցանկանում են սկսել, հավասարազոր է Լեռնային Ղարաբաղին բախտի քմահաճույքին թողնելուն։ Դրանում դժվար չէ համոզվել գոնե Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման առաջին արդյունքների, ավելի ճիշտ՝ այդ արդյունքների բացակայության օրինակով։ Ադրբեջանը հանդիպումից հետո չգնաց ո՛չ Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, ո՛չ էլ հանրային ծառայությունների լիարժեք վերականգնմանը։

Դիվանագետներ կան, դիվանագիտություն չկա

«Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում չկան բարձր որակավորում ունեցող դիվանագետներ։ Մենք հրաշալի մասնագետներ ունենք, բայց չկա համակարգային դիվանագիտություն, որն իր գրագետ և արդյունավետ գործողություններով հասնի, օրինակ, նրան, որ Ադրբեջանը կատարի ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը»,- կարծում է Հովհաննիսյանը։
Մեկ այլ խնդիր է այն, որ նույն որակի դիվանագիտությամբ է Երևանը գնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, որին ձգտում էին Հայաստանի բոլոր նախորդ կառավարությունները, սակայն իրավիճակն այժմ այլ է։ Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ, որոնք կարող են կործանարար լինել Հայաստանի համար։

«Այդ դաշտ մտնելը պատրանք է, որովհետև Թուրքիան ՀՀ–ի հետ կապված մեկ նպատակ ունի, որը եթե ոչ ՀՀ–ի ամբողջական ոչնչացումն է, ապա հայկական գործոնի ամբողջական չեզոքացումն է։ Ներկա դրությամբ դա Արցախի ամբողջական ինտեգրացումն է Ադրբեջանի մեջ, ընդհուպ մինչև ամբողջական հայաթափում և Սյունիքի պատկանումը թուրքական աշխարհին»,–ասաց նախկին նախարարը։

Հովհաննիսյանը վստահ չէ, որ հայ ժողովուրդը պատրաստ է նման բարձր գին վճարել հանուն երևակայական կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման։
«Զանգեզուրի միջանցքի» բացման քաղաքականությունն Իսրայելն է առաջ մղում. արևելագետ