Բռնությանն արդարացում չկա. Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Եվրոպացի պաշտոնյան գրառման մեջ ոչ մի հստակեցում չի արել, թե իր խոսքերն ում են ուղղված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Բռնությանը արդարացում չկա։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն բանակցությունների միջոցով։ Twitter–ի իր էջում նման գրառում է արել Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Նա նշել է, որ խիստ անհանգստացած է վերջին մահացու բախումից և փոխհրաձգության մասին նոր հաղորդումներից:
«Տարածաշրջանը բավականին տուժել է ռազմական գործողություններից։ Հիմա ժամանակն է միասին աշխատելու ՝ հանուն հարատև ու արդար խաղաղության»,– գրել է եվրոպացի պաշտոնյան։
Նշենք, որ մարտի 5-ին Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում գրել էր, որ Արցախում տեղի ունեցած ողբերգական միջադեպն ընդգծում է կայունության և խաղաղության հասնելու համար բանակցություններն առաջ մղելու հրատապությունը: Կլաարն արձագանքել էր նույն օրն առավետյան Արցախում տեղի ունեցած բախումներին։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արդյունքում` զոհվել է երեք ոստիկան, մեկը` վիրավորվել է։
Նշենք, որ Տոյվո Կլաարը վերջին անգամ Երևան է այցելել փետրվարի 24-25–ին։ Այդ օրերին խաղաղության բանակցություններն առաջ մղելու թեմայով նա հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ։