ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է ԼՂ–ում ստեղծված իրավիճակը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի հետ հանդիպմանը ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Գրիգորյանը Հունաստանում է աշխատանքային այցի շրջանակներում։
«Նրանք քննարկել են նաև ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները։ Գրիգորյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն անհապաղ գործուղելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցերի»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հունական երկկողմ համագործակցության բարձր մակարդակը:
Արմեն Գրիգորյանը նաև ցավակցել է Դոկոսին` մարտի 2-ին Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է 36 մարդ, տուժել է մոտ 130-ը։ Զոհվածների մեջ մեծ թիվ են կազմում ուսանողները։