ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը ձգտելու է ռազմական ճնշում գործադրել։ Այս մասին ասվում է ԿՀՎ–ի և ԱՄՆ այլ հետախուզական ծառայությունների (որոնք հայտնի են «Հետախուզական համայնք» (Intelligence Community) հավաքական անվան տակ)՝ 2023 թվականի գլոբալ սպառնալիքների վերլուծության (Annual Threat Assessment) մեջ։
Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի բացակայությունը, պետական սահմաններին ԶՈւ–ի մոտ լինելն ու հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը՝ ամերիկյան հետախուզական համայնքը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանում է կանխատեսում։
Վերլուծության մեջ ասվում է, որ լարվածությանը նպաստում է նաև Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակային ռազմական ճնշումը։ Սահմանի անմիջական հարևանությամբ զորքերի ներկայությունը բարձրացնում է ռազմական բախումների վտանգը, թեպետ դրանք սահմանափակ կլինեն իրենց տևողությամբ և ինտենսիվությամբ։
Նշվում է, որ 2021 թվականին մայիսից հայ–ադրբեջանական սահմանին և Արցախում պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունեցել։
«Հակամարտության ամենաուժեղ բռնկումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված գրոհ սկսեցին սահմանի մի շարք հատվածներում` զավթելով հայկական տարածքներ։ Հակամարտությունը շուրջ 300 մարդու կյանք խլեց», – հայտարարում են զեկույցի հեղինակները։
Խաղաղ բանակցություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել, սակայն պետական սահմանների և Արցախյան հարցի հետ կապված ամենաբարդ հարցերը դեռ չլուծված են մնում։