ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն էր տարածել` հերքելով ադրբեջանական կողմի տարածած լուրերն այն մասին, իբր մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։