ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Աշխատանքային այցով Սիրիայում գտնվող ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի հոգևոր և միութենական ղեկավարների հետ: Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին հայ համայնքի առջև ծառացած խնդիրները, դրանց հաղթահարման ուղիները՝ հատկապես փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի լույսի ներքո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համայնքի ներկայացուցիչները Սինանյանին ներկայացրել են աղետից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանից դուրս գալու ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Քննարկման առանցքային հարցերից է եղել Հայաստան-սփյուռք համագործակցությունը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ու համայնքի ներկայացուցիչներն անդրադարձել են համագործակցության հետագա ընդլայնմանն ու զարգացման հեռանկարներին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել Թուրքիայի և Սիրիայի մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ։